Ազգութ
յամբ պարսիկ երաժիշտ Այդին Դավուդին, ով բոլորովին վերջերս ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական կոմպոզիցիայի ֆակուլտետը, հայ ռոք հանդիսատեսին հայտնի է դարձել Նաիրի հևի մետալ խմբի հետ իր ելույթներով՝ որպես առաջատար վոկալիստ: Այդինն անմիջապես սիրվեց հանդիսատեսի կոմից՝ իր «Iron-Maiden-ական» ու «Dio-ական» տեմբրի, հզոր վոկալի համար: Նրա շնորհիվ առաջին անգամ լսեցինք “Child in Time”-ը կենդանի կատարմամբ:
Եվ քանի որ Այդինն այլևս Նաիրիի կազմում հանդես չի գալիս, շատերին հետաքրքիր է, թե ուր է նա և ինչով է զբաղված: Մի քանի օր առաջ անցկացված այս հարցազրույցի ընթացքում Այդինը պատասխանում է նշված հարցերին, ինչպես նաև առիթը բաց չենք թողնում՝ մի փոքր զրուցելու հայկական ռոք/մետալ բեմի ներկայիս խնդիրներից և ընդհանրապես երաժշտությունից:
Այսպիսով, նախևառաջ Այդինը մի փոքր պատմում է իր ներկա գործունեության և առաջիկա պլանների մասին.
Հիմա միտքն ավելի շատ կենտրոնացված է ալբոմի վրա, որը նախատեսված է ոչ միայն հայ հանդիսատեսի ու հայ լսարանի համար. մենք նպատակ ենք դրել դա անել երկրագնդի յոթ միլիարդ բնակիչների համար: Դա նշանակում է, որ այն լինելու է միջազգային մասշտաբի ռոք ոճի, ավելի ճիշտ՝ մետալ ոճի ձայնասկավառակ: Նրա երաժշտական գաղափարը լինելու է էթնիկ, ավանգարդ, ալտերնատիվ ու մետալ ոճերի միջնակետը, այսինքն՝ ոճը կարելի է անվանել «էթնո-ալտերնատիվ հևի մետալ»: Իմաստային գաղափարախոսությունն այն է, ինչը ռոք է ու Հայաստանում հիմա պակասում է. դա բողոք է: Կարելի է ասել, որ իմաստային առումով մենք հին ռոք-ստայլ ենք վերցրել, իսկ երաժշտական առումով՝ լրիվ նոր կոմպոզիցիա: Եթե կոնկրետ իմ ձայնը վերցնենք, ապա դրա հնչեղությունը, երաժշտականությունը ժամանակակից է, սակայն հիմնական ոճը 70-ականներից է: Եվ եթե դրան ավելացնենք էթնոն, ալտերնատիվը, ապա դառնում է մի նոր մոտեցում ռոք ասպարեզում:
Կոնկրետ հենց հիմա մենք երգերը վերջնական տեսքի ենք բերում երաժշտական առումով և տեքստերն ենք գրում:















